Էրիխ Ֆրոմ: Կյանքը և գործունեությունը

Էրիխ Ֆրոմ: Կյանքը և գործունեությունը

«Մարդու կարևորագույն խնդիրն է կյանքում ծնունդ տալ ինքն իրեն, դառնալ այն, ինչն ինքը ԿԱ պոտենցյալում: Իր ջանքերի կարևորագույն արդյունքը սեփական անհատականությունն է»:

Էրիխ Ֆրոմը ծնվել է բարեպաշտ հրեական ընտանիքում 1900թ-ին մարտի 23-ին, Ֆրանկֆուրտում` Մայնի վրա: 
Հայրը խաղողի գինու վաճառքով էր զբաղվում, հոր հայրն ու պապը ռաբբիներ են եղել, մայրը` Ռոզա Կռաուզեն, Ֆինլանդիա տեղափոխված ռուս էմիգրանտներից էր սերում: Մոր հորեղբոր` Թալմուդի ընթերցանության ուղղորդումները, կողմնորոշում են Էրիխին եբրայական կրոնի ուսումնասիրության և քարոզչության: Մի օր շատ քաղցած Էրիխին գրավում է փողոցի կրպակներից մեկից եկող ապխտած նրբերշիկի բուրմունքը: Երկար չմտածելով` նա գնում է և ուտում տաք խոզի նրբերշիկը. և ինչ… աշխարհը շուռ չի գալիս: Ավելին, նա իրեն մեղսագործ չի զգում, կամ` որ ավելի վատն է դարձել: Հնարավոր է` հենց այդ նրբերշիկին ենք պարտական, որ աշխարհը կորցրեց միջակ ռավին, սակայն ձեռք բերեց գերազանց հոգեբան:
Կրթությունը գիմնազիայում, որտեղ նա լատիներեն, անգլերեն և ֆրանսերեն էր սովորում, նպաստում է, որ երիտասարդ Էրիխը հետաքրքրվի կտակարանային տեքստերով. նա չէր սիրում հերոսական մարտերի մասին ավանդազրույցները` դրանց դաժանության և քանդելու միտման պատճառով, փոխարենը գերադասում էր Ադամի և Եվայի մասին պատմությունները, Աբրահամի կանխատեսումները:
Առհասարակ, Ֆրոմը իր երիտասարդ կյանքում 2 բեկումնային իրադարձություն է նշում, որ դրդեցին ընտրել իր ուղին: Առաջինը 25-ամյա մի երիտասարդ ծանոթ կնոջ պատմությունն էր, որ լինելով չափազանց համակրելի ու հաճելի օրիորդ, կորցնելով իր հորը (ով Էրիխին անհամակրելի ու անհետաքրքիր անձնավորություն էր թվում) ինքնասպան է լինում, որպեսզի իրեն թաղեն հոր հետ, հոր կողքին: Բնական է, որ երիտասարդ Էրիխն ինքն իրեն հարցնում էր, թե ինչը կարող էր լինել նման տարօրինակ իրադրության պատճառ. հետագայում նա իր հացրերի մասնակի պատասխանները գտնում է Ֆրոյդի տեսության մեջ: Հաջորդ բեկումնային իրադրությունը Առաջին համաշխարհային պատերազմի ֆենոմենն էր, որը 14-ամյա Էրիխի համար հոգեկան ծանր ապրումների և մտորումների առիթ դարձավ. նա չէր հասկանում, թե ինչն է ստիպում միլիոնավոր մարդկանց սպանել իրար: 1918-ին Ֆրոմը սկսում է ուսումնասիրել փիլիսոփայություն, սոցիոլոգիա և հոգեբանություն սկզբից Ֆրանկֆուրտի, այնուհետև Հեյդելբերգյան համալսարաններում, որտեղ նրան դասավանդում են հասարակագետներ Մաքս Վեբերը և Կառլ Յասպերսը: Ֆրոմը ծանոթանում է նաև Մարքսի փիլիսոփայական հայացնքների հետ, որոնք նրան գրավում են նախևառաջ հումանիզմի գաղափարներով, որը հասկացվում էր` որպես մարդու ամբողջական ազատագրում և նրա ինքնարտահայտմանը նպաստող հնարավորությունների ընձեռում: 1920-ականներին նրա անձնական և մասնագիտական հետաքրքրությունների մեկ այլ կարևոր աղբյուր է դառնում Զիգմունդ Ֆրոյդի` հակումների տեսությունը: Բանն այն է, որ Ֆրոմի առաջին կինը գիտնական, հոգեվերլուծող Ֆրիդա Ռայխմանն էր, և Էրիխը, որ կնոջից բավականին երիտասարդ էր, ազդվելով վերջինիս հայացքներից, նույնպես տարվում է հոգեվերլուծության կլինիկական պրակտիկայով: Նրանք միայն 4 տարի են համատեղ ապրում, բայց ամբողջ կյանքում պահպանում են ընկերական հարաբերությունները և ստեղծագործական համագործակցության ունակությունը:
Գրեթե 10 տարի Ֆրոմի ճակատագիրը կապված էր Ֆրանկֆուրտի հասարակական հետազոտությունների ինստիտուտի հետ, որտեղ նա սոցիալական հոգեբանության բաժնի ղեկավարն էր և հետազոտություններ էր անցկացնում աշխատավորների ու ենթակաների շրջանում: Արդեն 1932-ին նա եզրակացրեց, որ աշխատավորները Հիտլերի դիկտատորական ռեժիմին դիմադրություն ցույց չեն տալու: Սա Եվրոպայում մեծ և փոքր խմբերում արժեքային կողմնորոշումներին նվիրված առաջին սոցիոլոգիական հետազոտությունն էր:
1933-ին Ֆրոմը լքում է Գերմանիան` տեղափոխվելով Չիկագո, այնուհետև` Նյու-Յորք, ուր շուտով տեղափոխվում է նաև Ֆրանկֆուրտի ինստիտուտի անձնակազմը, և ավտորիտարության սոցիալ-հոգեբանական խնդիրների հետազոտությունը շարունակվում է: Այս հետազոտության արդյունքների հիման վրա Ֆրոմը գրում է իր «ախուստ ազատությունից» գիրքը, որն իրեն հռչակ է բերում ԱՄՆ-ում: Այնուհետև նրանք զբաղվում են նաև «Սոցիալական հետազոտությունների ամսագրի» տպագրմամբ, սակայն կոլեգաների հետ անհամաձայնությունների արդյունքում Ֆրոմը ստիպված է լինում լքել ինստիտուտը և մեկընդմիշտ հրաժեշտ տալ ֆրանկֆուրտյան դպրոցին: Կտրվելով գերմանական արմատնեից` նա ամբողջապես հայտնվում է ամերիկյան շրջապատում. դասավանդում է բազմաթիվ ուսումնական հաստատություններում, մասնակցում ամերիկյան հոգեվերլուծողների տարբեր միությունների և ասոցիացիաների գործունեությանը, իսկ երբ 1946թ-ին Վաշինգտոնում ստեղծվում է հոգեբանության, հոգեբուժություն և հոգեվերլուծության ինստիտուտը, Ֆրոմը ակտիվորեն մասնակցում է հոգեվերլուծության ոլորտում մասնագետների պատրաստմանը: Նա իսկապես գերազանց դասխոս էր և ուսանողների համար հեղինակություն. նա հաջողացնում էր ոչ միայն միավորել ու ամբողջացնել մարդաբանության, քաղաքականության և սոցիալական հոգեբանության տվյալները, այլև հիմնավորել դրանք իր կլինիկական պրակտիկայից վերցված փաստերով: Նրա մեծագույն արժանիքն այն է, որ նա մեծն մտածող էր ու մեծն հումանիստ, ում գիտական հետաքրքրության առարկան մինչ մահ մնաց մարդը: Ֆրոմը ակտիվորեն աշխատում էր Ֆրոյդի և Մարքսի աշխատանքները ամերիկացի ընթերցողին ներկայացնելու ուղղությամբ և վերջիններիս գաղափարներին նվիրված հոդվածներ և գրքերի ամերիկյան հրատարակությունների համար նախաբաններ գրելու առիթը բաց չէր թողնում: Ֆրոմը ստիպված եղավ վերանայել ու վերաարժևորել իր համար Ֆրոյդի հայացքները գիտության, մասնավորապես` սոցիալական հոգեբանության, զարգացման պատճառով: Բացի այդ, հոգեթերապևտիկ պրակտիկան ԱՄՆ-ում նրան բերեց այն մտքին, որ 20-րդ դարի նևրոզները բացառապես կենսաբանական գործոններով բացատրել հնարավոր չէ: Ֆրոմը ստեղծեց սեփական` «նոր մարդու և նոր հասարակաության» հայեցակարգը: Գերմանա-ամերիկյան այս փիլիսոփան, հոգեբանը և սոցիոլոգը, ժամանակակից քաղաքակրթության ճգնաժամից դուրս գալու ճանապարհը տեսնում էր «առողջ հասարակություն» կառուցելու մեջ: Նրա հիմնական գաղափարներից էր. «Անցյալի վտանգն այն էր, որ մարդիկ ստրուկ էին դառնում, ապագայի վտանգն այն է, որ մարդիկ կարող են վերածվել ռոբոտների»: «19-րդ դարում խնդիրն այն էր, որ Աստված մահացել էր, 20-րդ դարում խնդիրն այն է, որ մարդն է մահացել»: Ըստ Ֆրոմի` անձի կառուցվածքում սերը տեղ է գրավում կրոնական ապրումների և աշխարհայացքի կողքին:
Երբ ավարտվում է 2-րդ համաշխարհային պատերազմը, Ֆրոմը Գերմանիա չի վերադառնում: Իր բոլոր գիտական հետաքրքրությունները նա կենտրոնացնում է «նոր հումանիզմի» հիմնադրման և մարդու ու հասրակության մեջ հարաբերությունների ուսումնասիրման վրա: Նա տեղափոխվում է Գուերնավակո (Մեքսիկա), աշխատում որպես հոգեվերլուծության պրոֆեսոր Ազգային համասլարանում, համագործակցում տեղի խոստումնալից գիտնականների հետ և պարբերաբար մեկնում ԱՄՆ` դասախոսություններով: Ֆրոմը երկրորդ անգամ ամուսնանում է 1944թ-ին գերմանուհի լուսանկարչուհի Հեննի Գուրլանդի հետ, ով մահանում է 1952թ-ին: Երրորդ անգամ Ֆրոմն ամուսնանում է Անիս Ֆրիմանի հետ 1953թ-ին և հաստատվում ծովի ափին սեփական տանը, կնոջ հետ իսպաներեն ուսումնասիրում և հաճախ ճանապարհորդում: 1970-ականների կեսերին նրանք մշտապես լքում են Մեքսիկան և տեղափոխվում Շվեյցարիա, որտեղ և ապրում են մինչև Ֆրոմի մահը: Ֆրոմը մահանում է սրտի 3 կաթվածներից հետո 1980թ-ին /առաջինը` 1968, երկրորդը և երրորդը` 1977 և 1978 թթ-ին:
Ֆրոմը հայտնի է` որպես նեոֆրեյդիզմի ներկայացուցիչ, ով փորձել է կապել Ֆրոյդի գաղափարները մարքսիզմի հետ: Ընդունելով ֆրոյդի հիմնական դրույթները` Ֆրոմը, այնուամենայնիվ, հիմնական շեշտը դնում է սոցիալական գործոնների վրա: Իսկ Մարքսի նախնական հայացքները, ըստ նրա, ամբողջովին աղավաղվել էին ժամանակակից իրական սոցիալիզմի կողմից և վերածվել «վուլգար կեղծիքի» և սովետական գաղափարախոսությունն էլ Մարքսի գաղափարների հետ ընդհանուր ոչինչ չուներ (ահա թե ինչու Ֆրոմի գրքերը ինչպես ֆաշիստական Գերմանիայում, այնպես էլ ԽՍՀՄ-ում արգելված էին մինչև 80-ականների վերջերը):
Ֆրոմի կարծիքով` հասրակաությունը այնպիսին պիտի լինի, որ մարդիկ կապված լինեն սիրո միջոցով ու եղբայրական կապերով, այնպիսի սիրո, որ «հնարավորություն է տալիս հաղթահարել մարդկային բնույթը ստեղծարարությամբ և ոչ քանդելով…»:
 

Comments

Post new comment

The content of this field is kept private and will not be shown publicly.
CAPTCHA
Մուտքագրեք պատկերված կոդը կարծիքը թողարկելու համար
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.