Մկրտիչ Կորյուն: Նրա մասին

Մկրտիչ Կորյուն: Նրա մասին

Մկրտիչ Կորյունը  ժամանակակից հայ գրականության ամենաինքնատիպ դեմքերից մեկն է, արժանավոր ժառանգորդը միջնադարյան առակագիրների` Գոշի, Այգեկցու և ապա Խ. Աբովյանի, Ղ. Աղայանի, Հ. Թումանյանի։


Մկրտիչ Կորյունը ծնվել է 1913 թվականին Ղարսում։ Եղեռնի տարիներին Մկրտիչ Կորյունի ընտանիքը գաղթում է Ղարսից և բնակություն հաստատում Գյումրիում։ 1929 թվականին նա ավարտում է տեղի յոթնամյա դպրոցը։
1932 թվականին հրատարակվում է նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն «Տեմպերի հերոսները» վերնագրով։ Նույն թվականին Կորյունը ընդունվում է Երևանի պետական համալսարանի լեզվագրական բաժինը։ 1937 թվականին ավարտում է համալսարանը և նվիրվում իր սիրած գործին` մանկավարժությանն ու մանկական գրականությանը։
Հայրենական պատերազմի ավարտից հետո Կորյունը նոր եռանդով շարունակում է իր գրական գործունեությունը։ 1947 թվականին ՀԳԱ Մ. Աբեղյանի անվան ինստիտուտում դիսերտացիա է պաշտպանում «Հասկերը որպես մանկական գրական ամսագիր» թեմայով և ստանում բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

  Մահացել է 1948 թվականին:

Ստեղծագործական աշխատանքը

Մկրտիչ Կորյունը հայ առակագրության գանձարանը հարստացրեց իր սեփական, ինքնուրույն և մնայուն առակներով, որոնք թարմություն և նորւոթյուն բերեցին մեր բազմադարյան առակագրությանը։ Հրատարակված է Կորյունի շուրջ հինգհարյուր առակ, որոնք աչքի են ընկնում լավ կառուցվածքով, ռեալիստական պարզությամբ, գաղափարական հագեցվածությամբ։
Հեղինակի առակների շարքը էլ ավելի հարստացնում է «Մարդն ու առյուծը», «Խոզն ու կարապը», «Տհասը», «Մեղուն», «Մարդու կոչումը», «Ագռավն ու իր ճուտը», «Ծիծեռնակն ու կկուն», «Աշխատասեր մրջյունը» և այլ շատ ու շատ առակներ, որոնք ունեն դաստիարակչական բովանդակություն և երեխաները հաճույքով են ընթերցում։ Կորյունի մանկական հմայիչ բանաստեղծությունների այն շարքը, որ տեղ է գտել հայ գրականության մեջ, իսկապես մանկական արժեքավոր ստեղծագործություններ են։ Այդ գործերը երեխաների մեջ արթնացնում են ազնվություն, աշխատասիրություն, մարդասիրություն։
Բազմաժանր և բեղմնավոր հեղինակ է Կորյունը։ Հետաքրքիր են կարդացվում նաև նրա հեքիաթները, որտեղ պարզ արտահայտվում է մեր ազգային կոլորիտը։
1948 թվականին հրատարակվել է Կորյունի «Դպրոցական թատրոն» հեքիաթ-պիեսների ժողովածուն։ «Դպրոցական թատրոն»-ը մեծ հաջողություն ունի դպրոցներում և նախադպրոցական հիմնարկներում, նրանց թատերականացված հանդեսների սիրված նյութերից է։
Հեղինակը մատուցման հետաքրքիր ձև է գտել իր «Մեսրոպ Մաշտոցը ու հայոց տառերը» պոեմ-պիեսի համար, ուր տառերը հանդես են գալիս որպես գործող անձինք։ Այնքան հերոս, որքան տառ։ և այդ հերոսները մի դեպքում մեղմ են ու բարի, մի այլ դեպքում կոշտ են, առնական, սակայն բոլոր դեպքերում ճակատագիր են ու կենսագրություն, հայրենիք ու հայրենասիրություն։
Կորյունի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։ և ինքն էլ թարգմանել է Ալիշեր Նավոյի, Խետագուրովի, Կռիլովի, Մարշակի, Լերմոնտովի, Չուկովսկու, Մայակովսկու, Նեկրասովի շատ գործեր, կալմիկական «Ջանգար» էպոսը։

Մեծերը Կորյունի մասին

Մկրտիչ Կորյունը Խնկո-Ապոր նման, մշակում է կենցաղային, բարոյախոսական առակներ, նյութ վերցնելով կենդանիներին, բնության ուժերը և մարդկանց:
Դերենիկ Դեմիրճյան
Մկրտիչ Կորյունի առակները ճանաչողական արժեք ունեն, ազնվացնում են մարդուն։ Առակներում դրսևորվող երգիծանքը, ծիծաղը, ընթերցողին մտածել է տալիս և պարտավորեցնում, որ վնասակար երևույթները պետք է արմատախիլ անել։
Ս. Մուրադյան