Հայոց լեզվի տրոհության նշանները

Հայոց լեզվի տրոհության նշանները

Վերջակետ [:]

Դրվում է ավարտված նախադասության (լրիվ, թերի, բարդ, պարզ, բառ-նախադասության) վերջում: Արտահայտում է մեծ դադար:

Օրինակ`

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք, մի գործի տա, որ մարդ դառնա, աշխատանք անի: Կինը չէր համաձայնվում:

Միջակետ [.]

Դրվում է ա. անշաղկապ բարդ համադասական նախադասությունների բաղադրիչ նախադասությունների միջև, եթե դրանք որոշ ինքնուրույնություն են պահպանում:

Օրինակ`

Քամին դադարեց. ամպերը ցրվեցին. շողաց պայծառ արևը:

բ. երկու նախադասությունների միջև, եթե երկրորդը նախորդի բացատրությունն է:

Օրինակ`

Դուռը բացեցի և շվարած կանգ առա նախամուտքում. դրսում հորդ անձրև էր:

գ. առաջադաս հեղինակային խոսքի և նրան հաջորդող որոշիչի ուղղակի խոսքի միջև:

Օրինակ`

Արջը գոհ մրթմրթաց քթի տակ. «Ա՛յ ընկերս էսպես շիտակ պիտի լինի. Դե՛հ շիփ-շիտակ գնա՛ հիմի»: (Շիրվանզադե)

դ. բառի կրճատված մասի փոխարեն:

Օրինակ`

Առավոտյան տեսա ընկ. Արամյանին:

ե. համարակալումների ժամանակ, հերթական համար նշանակող թվից կամ տառից անմիջապես հետո:

Օրինակ`

Հայերենի հոլովները 7-ն են.
1. ուղղական
2. սեռական
3. տրական

Հայերենի գոյականն ունի երկու թիվ.
ա. եզակի,
բ. հոգնակի

զ. բացատրությունից հետո, եթե անմիջապես հաջորդում են օրինակներ:

Օրինակ`

Որոշյալ առման դեպքում գոյականների վրա դրվում են որոշիչ հոդեր.
քաղաքը, գյուղը, կատուն:

է. բառից կամ բառաշարից հետո, եթե հաջորդում է ահա, սա, սրանք բառերով սկսվող կարծիք, միտք:

Օրինակ`

Լինե՞լ թե չլինել. սա է խնդիրը: (Շեքսպիր)

Ստորակետ [,]

Դրվում է
ա. շաղկապավոր բարդ ստորադասական նախադասության գերադաս և ստորադաս նախադասությունների միջև:

Օրինակ`

Երբ արքան իր զորախմբով տեղ հասավ, քաղաքն արդեն ծխացող հանգած հրդեհի էր նման:

բ. Շաղկապով կապված համադաս նախադասությունների միջև, շաղկապներից առաջ (բացի և, ու, կամ շաղկապներից):

Օրինակ`

Երնքում ամպրոպ էր որոտում, բայց անձրև չէր գալիս:

գ. և, կամ, ու շաղկապներից առաջ, եթե շաղկապվող երկրորդ նախադասության ենթական առաջինից տարբեր է:

Օրինակ`

Գարունը բացվեց, և չվող թռչունները վերադարձան:

դ. շաղկապներով չմիացած համադաս (բազմակի) անդամների միջև:

Օրինակ`

Հնչում էր հինավուրց եկեղեցու զանգերի տխուր, մելամաղձոտ ձայնը:

ե. միջանկյալ բառերը և նախադասությունները հիմնական նախադասությունից անջատելու համար (դրվում է մեջբերվող միավորներից հետո, առաջ կամ երկու կողմից` նայած դիրքին):

Օրինակ`

Իհարկե, հեշտ չէր համակերպվել անարդարության հետ:

զ. տրոհվող ձայնարկությունները նախադասության անդամներից անջատելու համար:

Օրինակ`

-Հե՜յ, ո՞վ կուզի թել ու ասեղ: (Հովհ. Թումանյան)

է. կոչական բառը կամ բառակապակցությունը նախադասության անդամներից անջատելու համար:

Օրինակ`

-Արա՛քս, ինչո՞ւ ձկանց հետ պար չես բռնում մանկական: (Ռ. Պատկանյան)

ը. շեշտվող կրկնադիր շաղկապներից առաջ (և՛… և՛, թե՛… թե՛, կա՛մ… կա՛մ, ո՛չ… ո՛չ)

Օրինակ`

Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացիր ինձ հավետ: (Վ. Տերյան)

թ. տրոհվող միջադաս դերբայական դարձվացքից առաջ և հետո:

Օրինակ`

Գրությունը, գրված լինելով անընթեռնելի ձեռագրով, անհասկանալի էր:

ժ. բացահայտիչից հետո, եթե նախադասության վերջին բառը չէ:

Օրինակ`

Մեր ազգային էպոսի գլխավոր հերոսը` Սասունցի Դավիդը, մարմնավորում է հայ ժողովրդի ազգային բնավորության լավագույն գծերը:


Բութ [`]

Դրվում է
ա. բացահայտյալի և բացահայտչի միջև:

Օրինակ`

Իշհանուհու կողքին էր միայն նրա հավատարիմ աղախինը` Ձվիկը: (Դ. Դեմիրճյան)

բ. տրոհվող առաջադաս դերբայական դարձվացքից հետո և վերջադասությունից առաջ:

Օրինակ`

Դուրս գալով իշխանական ամրոցից` հեծյալների խումբն ուղղություն վերցրեց դեպի Արծրունիք: (Դ. Դեմիրճյան)

Հայոց երիտասարդ դյուցազունները թաքնվում էին Աշիշատի դիցանվեր անտառի մեջ` հեռվից դիտելու գեղեցիկ աստվածուհու լոգանքը: (Րաֆֆի)

գ. թվարկվող հետադաս, բազմակի, անորոշ առումով ենթականերից առաջ:

Օրինակ`

Հայ նշանավոր պատմավիպագիրերն են` Ծերենց, Րաֆֆի, Մուրացան:

դ. համարակալված թվարկումներից առաջ, եթե չկան միջարկվող հետևյալ, ներքոհիշյալ, ստորև բերվող և նման բառերն ու կապակցությունները

Օրինակ`

Մեր խնդիրներն են`
ա. միավորել հայերին
բ. սովորեցնել նրանց խոսել հայերեն
գ. …

ե. նախադասության որևէ անդամի վրա` հաջորդից անջատելու և ցույց տալու համար, որ վերջինիս լրացումը չէ:

Օրինակ`

Ւր` մորթուց կարված վերարկուի մեջ փաթաթված` նա նմանվում էր մի գունդուկծիկ արարածի:

զ. հիմունքի և զիջման պարագաները տրոհելու համար (ըստ, նայած, չհաշված, չնայած, հակառակ, հանդերձ կապերի դեպքում):

Օրինակ`

Չնայած ցուրտ եղանակին` նա բավականին թեթև էր հագնված:
Ըստ սովորության` նա տնից դուրս էր գալիս աքլորականչին:

է. թվարկման դեպքում, եթե դա կատարվում է նախ, ապա, հետո, առաջին, երկրորդ… բառերի ուղղեկցությամբ (դրվում է այդ բառերի վրա):

Օրինակ`

Ամբողջ օրը վազվզոցի մեջ էր. նախ` փոկրիկներին ուղեկցել դպրոց, ապա` կատարել գնումներ, հետո` ճաշ խատրաստել, տունը մաքրել:

ը. այսպես, այսպիսով, այն է, այսինքն, օրինակ և նման բառերի վրա, եթե հաջորդում է ամփոփում, մեկնություն:

Օրինակ`

Այսպես` կայացել է մեր պետությունը որպես միջազգային հանրության լիիրավ անդամ:

թ. լրիվ կամ մասնակիորեն զեղջված ստորոգյալի դեպքում:

Օրինակ`

Մահը մերն է, մենք` մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ: (Հովհ. Թումանյան)

ժ. չափազանց կարճ ուրիշի խոսքը հեղինակի խոսքից անջատելու համար:

Օրինակ`

Հրավիրեցի նրան մի անգամ,
Եվ նա ընդունեց` ասելով` կգամ…

ժա. տեղեկատու բառակապակցություններում անձին կամ երևույթին բնորոշող բառի վրա:

Օրինակ`

Դիմող` Տ. Գասպարյան
Քարտուղար` Է. Դանիելյան

Առոգանության նշաններ

Շեշտ [՛]
Դրվում է
ա. կոչականի վրա, իսկ եթե նախադասության ոչ դերանվանական լրացում ունի, լրացման վրա:

Օրինակ`

Պտտվի՛ր, պտտվի՛ր կարուսե՛լ,
Ես քո երգը վաղուց եմ լսել...
...
Ահով, ահա կանչում եմ քեզ,
Ցոլա՛, ցնո՛րք Նաիրի....

բ. հրամայական եղանակի բայերի վրա (ոչ միշտ), արգելական հրամայականի դեպքւմ` մի-ի վրա:

Օրինակ`

Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
Ինձ այդպես` քրոջ պես, մի՛ գթա:

գ. կոչական և բնաձայնական ձայնարկությունների վրա

Օրինակներ`

-Տո՛, Ձենով Օհան, տո՛, մահի տարած… (Հովհ. Թումանյան)

-Թը՛խկ, թը՛խկ, - լսվում էր կացնի ձայնը:

դ. կրկնադիր շաղկապների վրա (ոչ միշտ):

Օրինակ`

Շատ տարիներ են անցել, բայց չեմ մոռանում ո՛չ այս դեպքը, ո՛չ այն իրիկունը...

ե. նախադասության որևէ բառի վրա, որը տրամաբանական շեշտ է կրում:

Օրինակ`

Օ՛, գարնա՜ն ամիս, ապրելո՛ւ ապրիլ… (Ս. Կապուտիկյան)


Հարցական նշան [՞]
Դրվում է
ա. հարցական իմաստ արտահայտող դերանունների և վերաբերականների վրա:

Օրինակներ`

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի… (Վ. Տերյան)

Դու ե՞րբ զարթնեցիր:

բ. հարցական հնչերանգով արտահայտվող ցանկացած բառի վրա:

Օրինակ`

Խլացնե՞լ սիրտը, չզգա՞լ, չընդվզե՞լ,
Մոռանալո՞ւ տալ,անգամ մոռանա՞լ: (Ս. Կապուտիկյան)

Բացականչական նշան [՜]

Դրվում է արտասանության երկարաձգմամբ, զգացմունքներով արտարբերվող բառերի վրա, ավելի հաճախ` ձայնարկությունների:

Օրինակներ`

-Վա՜հ, էս մարդիկ ի՜նչ վաղ են քնում:
-Հե՜յ, ո՞ւր ես, Դավիդ, հայոց պահապան…
-Վա՜յ, փախե՜ք, եկա՜վ… հա՜յ, հարա՜յ, եկավ… (Հովհ. Թումանյան)
Բացահայտության նշաններ

Չակերտներ [«»]

Դրվում են
ա. մեջբերվող ուրիշի ուղղակի խոսքի սկզբում և վերջում:

Օրինակ`

«Չդիմացավ՜, չճանաչե՜ց, չհասկացա՜վ»,- յուրովի ճչաց ծաղկողը մտքում: (Վ. Խեչումյան)

բ. գեղարվեստական կամ գիտական երկերի վերնագրերի, թերթերի անունների մեջբերման դեպքում:

Օրինակ`

Րաֆֆու «Սամվել» վեպը պատկերում է չորրորդ դարի դեպքերը:

գ. զանազան կազմակերպությունների, հաստատությունների, ձեռնարկությունների, մեքենաների մակնիշները, անվանումները հիշատակելու դեպքում:

Օրինակներ`

«Անանիա Շիրակացի» վարժարան
«Ժիգուլի» ավտոմեքենա

դ. հեգնական, ծաղրական երանգով կամ հակառակ իմաստով գործածվող բառերն անջատելու համար:

Օրինակ`

Բայց շատ <<խելոք>> ես:

ե. որևէ բառ, կապակցություն, նախադասություն, կամ այլ լեզվական միավոր ընդանուր խոսքից անջատելու, տարբերակելու համար:
Տպագիր խոսքում նույն բանը կարելի է անել` նշված միավորները տառատեսակով ընդգծելով, թավ կամ շեղ տառատեսակներով գրելով:

Օրինակ`

«Ձյուն եկավ» նախադասությունը պարզ համառոտ է:

Միության գծիկ [-]

Դրվում է
ա. ինքնուրույն կամ հնչյունափոխված ձևով կրկնվող բառերից բաղկացած արտահայտություններում:

Օրինակներ`

արագ-արագ, մեծ-մեծ, մանր-մունր, աման-չաման

բ. խոսքիմաստային նույն արժեքը և քերականական նույն ձևն ունեցող բառերի հարադրություններում:

Օրինակներ`

կանաչ-կարմիր, ասել-խոսել, գրել-կարդալ, տուն-թանգարան

գ. երկու ինքնուրույն անուններից բաղկացած բաղադրյալ հատուկ անուններում:

Օրինակ`

Էլզաս-Լոթարինգիա

դ. երկրների, ժողովուրդների լեզուների անուններից բաղկացած հարադրություններում:

Օրինակներ`

հայ-ռուսական, ռուս-հայերեն, բուլղարա-հայկական

ե. Տեր, Միրզա, Մելիք և նման բաղադրիչներ ունեցող ազգանունները:

Օրինակներ`

Տեր-Պետրոսյան
Մելիք-Մարտիրոսյան

զ. ինչ բաղադրիչով հարադրված անորոշ դերանուններում:

Օրինակներ`

փոքր-ինչ, ինչ-որ

է. հայկական մի քանի գրական անուններում:

Օրինակներ`

Սայաթ-Նովա, Նար-Դոս, Խնկո-Ապեր

ը. մոտավորական թվականներում:

Օրինակներ`

երկու-երեք ժամ, քսան-քսանհինգ տարեկան
հինգ-վեց մարդ

թ. արաբական թվանշանների և հոլովական վերջավորությունների ու ածանցների միջև:

Օրինակ`

20-ամյա

ժ. ինքնուրույն բառ չգիտակցվող հապավումների և հոլովական վերջավորությունների միջև:

Օրինակներ`

ԱՊՀ-ի
ՀՀ-ում
ՄԱԿ-ի

ժա. առանձին վերցնող բառերի, ածանցների և լեզվական այլ միավորների ու քերականական վերջավորությունների միջև (նշված միավորները գրությամբ ընդգծվում են կամ առանձնացվում են տառատեսակով):

Օրինակ`

Որոշիչ հոդը ը-ն է:


Անջատման գծիկ [-]

Դրվում է
ա. նոր տողից գրվող ուրիշի խոսքից հետո` հեղինակային խոսքից անջատելու համար (միջակետի կամ ստորակետի հետ զուգակցված):

Օրինակ`

Երկինքն ու երկիր մեզ ձայն են տալիս.
-Դռները բացե՛ք, գարո՛ւն է գալիս: (Հ. Սահյան)

բ. պիեսներում` գործող անձի անվան և նրա սկսվող խոսքի միջև:

Օրինակ`

ՄԱՐԻԱՄ (մազերը շտկելով): - Գնանք
ՍԵՅՐԱՆ – Լսեցեք, երդվում եմ իմ նամուսով, որ Սուսանը կամ իմը կլինի, կամ գերեզմանինը:

գ. բառի և նրա բացատրության միջև:

Օրինակ`

եդեմական – դրախտային

դ. սկիզբը և վերջը նշանակող բառերի կամ թվանշանների միջև:

Օրինակներ`

Երևան – Ստեփանակերտ երթուղի
9 – 10-րդ դասարանները կոչվում են ավագ դպրոց:

ե. հեղինակի ուղիղ ձևով հանդես եկող անվան և նրա ստեղծագուրծության միջև:

Օրինակ`

Հովհաննես Թումանյան - «Գիքոր»


Կախման կետեր […] (երեք կետ)

Դրվում են նախադասության վերջում, եթե միտքը առկախ է մնում:

Օրինակ`

Հեքիաթի պես էր… Անտառ էր, առու... (Վ. Տերյան)


Բազմակետեր [....] (չորս և ավելի կետեր)

Դրվում են մեջբերման ժամանակ խոսքի կրճատված մասի փոխարեն:

Օրինակ`

Համբոն ուզում էր.... Գիքորին տանի քաղաք.... Կինը չէր համաձայնվում:


Փակագծեր () []

Դրվում են լրացուցիչ տեղեկություն, իմաստային հավելում պարունակող միջանկյալ բառերը, բառակապակցությունները, նախադասությունները` հիմնական նախադասությունից անջատելու համար:

Օրինակ`

Րաֆֆին ծնվել է Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում (այժմ` Պարսկաստանում):

Ուղիղ փակագծերը գործածվում են գիտական գրականության մեջ` տեքստերում բացակայող և վերականգնված բառերի, բառամասերի նշման համար, լեզվաբանության մեջ` հնչյունները առանձնացնելու համար:

Օրինակ`

Ահա Ադամ [եղավ] իբրև մեզանից մեկը, որը բարին և չարը գիտի: <<Աստվածաշունչ>>

[բ], [գ], [դ] հնչյունները ձայնեղներ են:


Ապաթարց [']

Գործածվում է արևմտահայերենում բառի զեղջված ձայնավորի փոխարեն (հիմնականում կը, մը մասնիկների ը-ի փոխարեն):

Աստղ մ'ալ ես կերթամ հավելյալ երկնից
Աստղերն ինչ են որ, եթե ոչ անբիծ
Եվ թշվառ հոգվոց անեծք ողբագին:
(Պ.Դուրյան)

Հոգիներուն կ'իջնե երազ մը բուրթյան
(Մ.Մեծարենց)

Comments

Post new comment

The content of this field is kept private and will not be shown publicly.
CAPTCHA
Մուտքագրեք պատկերված կոդը կարծիքը թողարկելու համար
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.